Համաբարբառները, ներկայացնելով երկում գործածված բոլոր բառերը բնագրային համապատասխան վկայություններով, զգալի նշանակություն ունեն լեզվական տարբեր իրողությունների քննության համար:
Հայ համաբարբառային գրականությունը նկատելի զարթոնք ապրեց նախորդ դարի վաթսունական թվականներին, երբ ՀՍՍՀ ԳԱԱ ակադեմիկոս Արարատ Ղարիբյանի գլխավորությամբ ստեղծված բանասիրական կրթություն ունեցող մասնագետների հատուկ խումբը քարտագրում էր դասական և հետդասական գրաբարի բազմաթիվ հեղինակների երկեր: Հետագայում կազմվեցին մեծաթիվ հեղինակների երկերի բնագրային համաբարբառներ. լույս են տեսել Եզնիկ Կողբացու, Կորյունի, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Գրիգոր Նարեկացու, Ասողիկի և այլոց երկերի համաբարբառները։ Էլեկտրոնային եղանակով հրապարակվել են ինքնուրույն և թարգմանական գրականության ներկայացուցիչների երկերի համաբարբառները։
Ակնհայտ է, որ առանց տեխնիկական որևէ օժանդակության` կատարվել է հսկայական աշխատանք, սակայն համաբարբառների կազմման ավանդական եղանակն այլևս չի համապատասխանում բառարանագրության առջև դրված խնդիրներին։ Հետևաբար հարկ է կիրառության տեսակետից սահմանափակ հնարավորություններ ունեցող նախկին մեքենագիր համաբարբառները փոխարինել համակարգչային ծրագրերով ստեղծված, որոնողական ճկուն համակարգ ունեցող, համացանցում հասանելի էլեկտրոնային համաբարբառներով:
Այս համատեքստում էապես կարևորելով ձևով և բովանդակությամբ նոր, արդի բառարանագրության պահանջներին համապատասխան, համացանցային ինքնուրույն կայքում գործող էլեկտրոնային համաբարբառների ստեղծումը, ձեռնամուխ եղանք concordance.am կայքում գործող «Հայ մատենագրության էլեկտրոնային համաբարբառի» ստեղծմանը:
Էլեկտրոնային նոր համաբարբառները նախորդների համեմատությամբ ունեն նկատելի տարբերություններ, որոնք վերաբերում են հեղինակներին և նրանց երկերի ընդգրկման ծավալին, բառահոդվածի կազմությանն ու ներկայացման եղանակներին, ինչպես նաև լեզվական տարբեր իրողությունների քննության ժամանակ համաբարբառների կիրառությանը:
Նախկինում ստեղծվել են առավելապես դասական և հետդասական շրջանի գրաբարագիր ինչպես ինքնուրույն, այնպես էլ թարգմանական գրականության ներկայացուցիչների երկերի բնագրային համաբարբառներ։ Սակավաթիվ են միջին հայերենով ստեղծագործած հեղինակների համաբարբառները, փոքր թիվ են կազմում աշխարհաբար երկերի համաբարբառները: Անհրաժեշտ չափով ուշադրություն չի դարձվել նաև ժամանակակից հեղինակների երկերի համաբարբառների կազմությանը։ Հետևաբար, էլէկտրոնային համաբարբառը ստեղծելիս ամենից առաջ նպատակ ենք ունեցել ներառել լեզվի պատմության տարբեր շրջաններն ընդգրկող հնարավորինս մեծ թվով հեղինակներ:
Կայքում համաբարբառները, ըստ երկի բնագրի լեզվի, ներկայացրել ենք հետևյալ դասակարգմամբ` ա. գրաբար (գրաբարագիր հեղինակների երկերի համաբարբառներ), բ. միջին հայերեն (միջին հայերենով գրված երկերի համաբարբառներ), գ. աշխարհաբար` իր արելահայերեն և արևմտահայերեն տարբերակներով (արևելայերենով և արևմտահայերենով գրված երկերի համաբարբառներ):
Տեխնիկական միջոցների բացակայությամբ պայմանավորված` նախորդ շրջանում կազմվել են հեղինակի միայն գլուխգործոցային համարվող երկերի համաբարբառները, որոնք բավարար չեն նույնիսկ տվյալ հեղինակի լեզվի և ոճի լիարժեք ու առավել ամբողջական քննության համար: Ոստի էլէկտրոնային համաբարբառում առավել կարևորվում է հեղինակի ամբողջական երկերի բնագրային համաբարբառները ներկայացնելու հանգամանքը:
Մեքենագիր և տպագիր համաբարբառների համեմատությամբ էլեկտրոնային համաբարբառի տարբերություններն առավելապես նկատելի են բառահոդվածի կառուցվածքի, բառաձևերի ներկայացման ժամանակ:
Էլեկտրոնային համաբարբառում բառահոդվածի կառուցվածքը մշակելիս հաշվի են առնվել քերականական և բնագրային համաբարբառներում առկա վերոնշյալ բացթողումները: Ըստ այդմ՝ էլեկտրոնային համաբարբառը կարող է համարվել և՛ քերականական, և՛ բնագրային: Դրանում բառաձևերը ներկայացվում են տեքստից առանձին, համակարգված, ինչպես քերականական համաբարբառներում, և ամբողջական պարբերությամբ, ինչպես բնագրային համաբարբառներում:
Էլեկտրոնային համաբարբառում երկում գործածված հեղինակի ողջ բառապաշարը ներկայացված է հիպերտեքստային հղումներով, գլխաբառերի տակ թեքվող խոսքի մասերի դեպքում խմբավորված են համապատասխան բառաձևերը, բառաձևերի տակ՝ բնագրային օրինակները` գործածության համապատասխան ցուցիչով:
Մեքենագիր համաբարբառներում օրինակ-նախադասությունները ներկայացվում են կրճատ, որի պատճառով շատ հաճախ հատկապես գրաբար խրթին տեքստերում բազմիմաստ բառերի իմաստը ճշտելու համար հետազոտողը ստիպված էր կարդալ բնագիրը: Էլեկտրոնային համաբարբառներում բոլոր օրինակները տվյալների հենքից ընտրվում և ներկայացվում են մեքենական եղանակով և ամբողջական նախադասություններով` նշելով բառաձևի գործածության քանակը։ Եթե բերված օրինակները բավական չեն, և հետազոտողը ցանկանում է տեսնել բառի գործածության համատեքստը բնագրում, սեղմելով օրինակ-նախադասություններում գործածված որոնված բառաձևերի վրա` կբացվի բնագիրը:
Կայքն ունի նաև որոնման շատ օգտակար հանարավորություն, քանի որ մուտքագրելով ցանկացած բառ կամ արտահայտություն, կարելի է տեսնել որոնված բառի գործածության բոլոր օրինակները բոլոր հեղինակների երկերում:
Վստահ ենք, որ «Հայ մատենագրության էլեկտրոնային համաբարբառը» փաստական հարուստ նյութ կապահովի ինչպես առանձնին հեղինակների լեզվի և ոճի ուսումնասիրության համար, այնպես էլ կնպաստի լեզվական իրողությունների համաժամանակյա և տարաժամանակյա քննությանը: